Ես որևէ մեկին չեմ մեղադրում, ինչ մեղքս թաքցնեմ, ինքս dimord.am կայք չեմ մտել և այդ փոքր տառերով տեքստը չեմ կարդացել. Լիլիթ Ստեփանյան
Հաշվի առնելով դիմորդների աննախադեպ թիվը՝ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, յուրանքարյուր բողոքի հետևից անհատական գնում ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով բուհ չընդունված դիմորդների խնդրին և նշեց, որ արդեն կարողացել է երկու դիմորդի պարագայում վեր հանել խնդիրը:
«Որոշ դիմորդների պայքարն ինձ համար հասկանալի է, ովքեր օրինակ 18,75 միավորով վեց կամ ութ հայտ են նշել և որևէ տեղ չեն ընդունվել, այ այստեղ խնդիր տեսնում եմ, բայց ես խնդիր չեմ տեսնում, որ մարդը ստացել է 15,25 միավոր, ընդունվել է իր իսկ կողմից լրացված երրորդ հայտով և այսօր պայքարում է չգիտեմ ում դեմ: Կամ ասում են, թե մարդիկ ընդունվել են մասնավոր բուհեր, սիրելիսներս, մարդիկ ընդունվել են մասնավոր բուհեր, քանի որ հայտը լրացնելիս նշել են մասնավոր բուհերի հայտեր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ իրազեկման հոլովակում նոր կարգի մասին ոչինչ նշված չլինելու հանգամանքին, իշխանական պատգամավորը նշեց, որ կարծում է՝ պետք է լիներ ոչ թե մեկ, այլ մի քանի հոլովակ: «Գուցե պատշաճ կերպով չի իրականացվել այս իրազեկումը, տեղեկատվությունը չի հասել, բայց համաձայն չեմ, որ որևէ տեղ չի եղել տեղեկատվությունը: Քանի չի լուծվել ամենավերջին դիմորդի խնդիրը, ես կմտածեմ և հակված եմ կարծելու, որ ունենք խնդիր կապված իրազեկման, հայտի ճիշտ լրացման հետ:
Ես որևէ մեկին չեմ մեղադրում, քանի որ, ինչ մեղքս թաքցնեմ, ինքս dimord.am կայք չեմ մտել և այդ փոքր տառերով տեսքտը չեմ կարդացել»,-ասաց նա և պատշաճ իրազեկման դեպքում չբացառեց, որ այս մարդիկ գուցե չունենային այս խնդիրը:
Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ առաջին հայտի գերակայությունը միշտ էլ եղել է, բայց այս տարի ավելի հստակ է դրվել: «Ինչի մասին էլ խոսենք, միևնույնն է, հասնելու ենք նրան, որ թերևս ավելի լավ, ավելի շատ խողովակներով պետք էր այս իրազեկումը կատարել»,-ասաց նա:










