«Դուք քրդերի թշնամին եք». Թուրքիայի խորհրդարանում վեճ է բռնկվել ընդդիմադիր քրդամետ և իշխող կուսակցությունների պատգամավորների միջև (լուսանկարներ)
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Հուսեյին Քաչմազը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի կառավարության կողմից Իրաքում և Սիրիայում անցկացվող ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակիչներ են զոհվում: Քաչմազը դիմել է երկրի իշխանություններին` օգտագործելով «դուք քրդերի թշնամին եք» արտահայտությունը, ինչից հետո խորհրդարանում թեժ վեճ և քաշքշուկ է առաջացել քրդամետ կուսակցության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների միջև: Այս մասին գրում է En Son Haber լրատվականը:
Իշխող կուսակցության պատգամավորների կտրուկ արձագանքից և քաշքշուկից հետո խորհրդարանի փոխխոսնակ Նիմեթուլլահ Էրդողմուշն ընդմիջել է նիստը:
Այնուամենայնիվ, ընդմիջման ժամանակ վեճը շարունակվել է: Քրդամետ կուսակցության պատգամավորները պնդում էին, որ իշխող կուսակցության դիարբեքիրցի պատգամավոր Օյա Էրոնաթը վիրավորական արտահայտություններ է արել Քաչմազի հասցեին:
Ընդմիջումից հետո փոխխոսնակ Էրդողմուշը հաստատել է, որ Էրոնաթը վիրավորական արտահայտություններ է արել, և հայտարարել է, որ պատգամավորին վարչական տույժի են ենթարկելու:
Իր խմբակցության պատգամավորին սկսել է պաշտպանել իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Նաջի Բոստանջըն` հայտարարելով, որ Քաչմազի արտահայտությունները նույնպես վիրավորական էին, իսկ Էրոնաթն ընդամենը արձագանքել է նրան, իսկ արտահայտությունը, առհասարակ, ուղղված է եղել ոչ թե Քաչմազին, այլ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությանը:
Ի վերջո, քվեարկությամբ որոշվել է, որ Էրոնաթի նկատմամբ որևէ տույժ չի կիրառվելու:












