Moderna-ն մտադիր է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի համար 50-ից 60 դոլարի չափով գին սահմանել. FT
Ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը մտադիր է Covid-19-ի դեմ պատվաստման կուրսի համար գին սահմանել 50-ից 60 դոլարի միջակայքում: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտնել է Financial Times-ը՝ հղում տալով տեղեկացված աղբյուրների:
Պարբերականը նշել է, որ նման գին ընկերությունը կսահմանի ԱՄՆ-ի և «եկամտի բարձր մակարդակ» ունեցող այլ երկրների համար:
FT-ն նկատում է, որ գինն ամենայն հավանականությամբ կփոխվի, քանի որ Moderna-ն կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութը գնահատել էր ավելի բարձր, քան Pfizer և BioNTech ընկերությունները, որոնք նախորդ շաբաթ ԱՄՆ իշխանությունների հետ համաձայնության էին եկել իրենց կողմից արտադրվող պատվաստանյութերի 600 միլիոն չափաքանակի վաճառքի վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 19.5 դոլար:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման առաջատարներից է:










