Անկարգությունների պատճառով ամերիկյան Սիեթլ քաղաք ուղարկված դաշնային ուժերը լքել են այն

06:54 • 29.07.20

Ամերիկյան Սիեթլի քաղաքապետ Ջեննի Դերքանը հաղորդել է, որ անկարգությունների պատճառով քաղաք մտած դաշնային գործակալները լքել են այն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ներքին անվտանգության նախարարությունից ինձ տեղեկացրել են, որ դաշնային ուժերը… լքել են քաղաքը»,- գրել է նա թվիթերյան իր էջում:

Սիեթլի քաղաքապետը նկատել է, որ Սիեթլ, Պորտլենդ և այլ քաղաքներ դաշնային գործակալներ ուղարկելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է, որ այդտեղ բռնության մակարդակը աճի:

Ավելի վաղ Պորտլենդի, Սիեթլի, Վաշինգտոնի, Կանզաս Սիթիի և Ալբուկերկեի քաղաքապետերը կուսակցական առաջնորդներին և ամերիկյան Կոնգրեսին խնդրել էին օրենք ընդունել, որը անօրինական կճանաչեր տեղական իշխանությունների կամքին հակառակ քաղաքներ ուժայիններ ուղարկելու մասին դաշնային իշխանությունների որոշումը:

Նշենք, որ Պորտլենդում և մի շարք այլ ամերիկյան քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք սկսվել են Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Երբեմն բողոքի ակցիաները վերաճում են անկարգությունների: