Եթե որևէ միջոց չձեռնարկվի Սևանա լճի խնդիրները լուծելու համար, այլևս անհնար կլինի փրկել լիճը. Վահագն Վարագյանը բողոքի ակցիա արեց Սևանում կառավարական ամառանոցի դիմաց (տեսանյութ)

14:01 • 29.07.20

Սևանա լճի խնդիրները հրատապ լուծում են պահանջում, ու թեև Սևանը տարվա ընթացքում մի քանի շաբաթ է, որ կանաչում է, բայց ամբողջ տարվա ընթացքում լճում ազոտով և ֆոսֆորով աղտոտում է տեղի ունենում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության անդամ Վահագն Վարագյանը: 

«Որևէ միջոց չձեռնարկելու դեպքում մենք առաջիկայում ունենալու ենք շատ լուրջ խնդիրներ, հասնելու ենք մի այնպիսի անդառնալի կետի, որից հետո այլևս անհնար է լինելու փրկել Սևանա լիճը»,-ասաց Վարագյանը:

Նա նշեց, թե իր տեղեկացմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս գտնվում է Սևանում՝ կառավարական ամառանոցում, և ուղևորվեց այնտեղ՝ խնդիրն անձամբ Փաշինյանին ներկայացնելու:

Հարցին՝ ինչու՞ մինչ վարչապետին դիմելը հանդիպում չեն կազմակերպում Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների հետ, Վարագյանը պատասխանեց, թե նախարարությունում անտեղյակություն է տիրում:

«Սևանը երկու տարի է՝ գտնվում է այս ծայրահեղ վիճակում, իսկ պատկան մարմինները որևէ գործողություն չեն կատարում, որ կարողանանք փրկել Սևանը: Ես ստիպված եմ այս ձևով հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը Սևանի հիմնախնդիրների վրա, որովհետև Սևանն անտեսվում է, լճի մասին խոսվում է, սակայն որևէ գործողություն չի կատարվում»,-ասաց նա:

Կառավարական առանձնատան աշխատակիցներն ասացին, որ վարչապետն այնտեղ չէ: Վարագյանը նկատեց, որ այդ դեպքում ստացվում է, թե վարչապետը, հասկանալով, որ Սևանում այս շրջանում լողալը վտանգավոր է իր ընտանիքի անդամների առողջության համար, այդտեղ չի գտնվում, մինչդեռ պատկան մարմինները քաղաքացիներին չեն իրազեկում, որ չլողան լճում:

«Վարչապետը, հասկանալով այս ժամանակահատվածում առողջության համար վտանգավորությունը՝ իր ընտանիքով այլևս չի հաճախում, դրա փոխարեն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն քիչ միջոցներ, այցելում են Սևան և իրենց առողջությունը վտանգի տակ դնում»,-ասաց Վահագն Վարագյանը: