Համավարակի նահանջի մասին վստահ խոսելու ժամանակը չէ. չեմ կարծում՝ դիմակ կրելը մեծ ազդեցություն ունեցավ վարակակիրների նվազման հարցում. Ա․ Մխիթարյանը՝ Ն․ Փաշինյանի հայտարարության մասին
Գուցե դիմակ կրելը փոքր, բայց որևէ արդյունք տվել է, սակայն իմ խորը համոզմունքը մնում է նույնը, որ մինչև համատարած և լայնածավալ թեստավորումներ չիրականացվեն, պարզ չի լինի, թե վիրուսն ինչ փուլում է:
Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե վիրուսը նահանջում է Հայաստանում և գլխավոր պատճառներից մեկը դիմակ կրելն է:
«Համավարակի հետնահանջի և լավ արդյունքի մասին վստահ խոսելու ժամանակը չէ, չեմ կարծում, որ դիմակ կրելը մեծ ազդեցություն ունեցավ վարակակիրների նվազման հարցում: Շատ լավ է, որ թվերը քչանում են, այդպես էլ պետք է լիներ և ցանկացած ինֆեկցիոն պրոցես ի վերջո իր նորմալ կենսաբանական ընթացքն ունի: Եթե համեմատենք այն երկրների հետ, որոնք հակահամաճարակային ոչ մի քայլ չարեցին, ապա չեմ կարծում, որ մենք այսքան քայլերով փայլուն արդյունքով դուրս եկանք, քան նրանք»,- ասաց նա և հավելեց, որ միանշանակ չի կարելի ասել, որ այսօրվա որոշ դրական արդյունքներ կապված են ձեռքեր ախտահանելու կամ դիմակ կրելու հետ:
Խոսելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարության մասին, թե նոր հակահամաճարակային կառավարման պլաններ են մշակվում՝ Արմեն Մխիթարյանը նկատեց, որ լուրջ սահմանափակումներ չեն կարող մտնել, որովհետև Կառավարության առաջ բերված սահմանափակումների մեծ մասն արդեն վստահությունը կորցրել է ժողովրդի կողմից և այդ գործողությունները բացասական ռեյտինգ բերեցին:
«Չեմ կարծում, որ շատ լուրջ գործողությունների մասին կարող է խոսքը գնալ, բայց ինչ էլ անեն, չեն կարող ազդել վարակի ընթացքի վրա և այս վիրուսը բացառություն չէր օրինակներում եղած վիրուսներից և ամենածանր դեպքն այն է, որ կարող է մեկ շրջանում այնպիսի ծանր դեպքեր գրանցվեն, որ առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել բոլորին»,- նշեց նա:
Երևանի գլխավոր ախտաբանը իմաստ չի տեսնում այն գործողություններ, որոնք Կառավարությունն իրականացնում է այս ընթացքում, որոնցից առաջինը տուգանքներն են: Ըստ նրա՝ տուգանքներ սահմանելը օբեկտիվորեն չի ազդում վարակի դեմ պայքարի վրա:










