Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Սաուդյան Արաբիային և Մեքսիկային նավթի արդյունահանման ծավալները կրճատելու համար

03:18 • 30.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Սաուդյան Արաբիային և Մեքսիկային «ՕՊԵԿ+» ձևաչափում նավթի արդյունահանման ծավալները կրճատելու համար, հաղորդում է ТАСС-ը:

«Երբ նավթի շուկան կոլապսի ենթարկվեց, ես համոզեցի Սաուդյան Արաբիային, Ռուսաստանին և մնացած երկրներին կրճատել նավթի արդյունահանման ծավալներն օրական մոտ 10 միլիոն բարելով, համոզեցի «ՕՊԵԿ+»-ին և Մեքսիկային գնալ այդ գործարքին, և դրա շնորհիվ մեզ մոտ ամեն բան նորմալ է: Անկեղծ ասած՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Սաուդյան Արաբիային, Մեքսիկային»,- հայտարարել է Թրամփը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ուժի մեջ մտած համաձայնությամբ ՕՊԵԿ-ի երկրները պայմանավորվել էին կրճատել նավթի արդյունահանումը օրական 9,7 միլիոն բարելով: Պայմանավորվածությանն առաջին անգամ միացել էր նաեւ Միացյալ Նահանգները: Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը պայմանավորվել էին մայիսին և հունիսին նավթի օրական արդյունահանումը կրճատել 2.5 միլիոն բարելով: Այս քաղաքականությամբ պետություններն ակնկալում էին հասնել նավթի գնի կտրուկ բարձրացման: