Թրամփի նախընտրական շտաբը պնդում է, որ ընտրությունների հետաձգման մասին վերջինիս գրառումը «հռետորական է եղել»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը պնդում է, որ ընտրությունների հետաձգման մասին վերջինիս գրառումը հռետորական է եղել, գրում է The Wall Street Journal-ը։
«Նախագահը միայն բարձրաձայնել է այն քաոսի հետ կապված իրավիճակը, որ ստեղծել են դեմոկրատները՝ պնդելով, որ նախագահական ընտրությունները պետք է փոստով անցկացվեն»,- ասված է Թրամփի շտաբի ներկայացուցիչ Հոգան Գիդլիի գրավոր հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ դեմոկրատները կորոնավիրուսի համավարակը որպես պատրվակ են օգտագործում՝ քվեարկությունը փոստային եղանակով անցկացնելու համար։
«Փոստով համընդհանուր քվեարկությունը քաոս և արդյունքների մեծ ուշացումներ է առաջացնում», - հայտարարել է Գիդլին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգել 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները։
«Համընդհանուր փոստային քվեարկության պատճառով 2020 թվականը պատմության մեջ կդառնա ամենաանարժանահավատ ու անազնիվ տարին։ Դա մեծ խայտառակություն կլինի ԱՄՆ-ի համար։ Պետք է հետաձգել ընտրությունները, մինչև մարդիկ կարողանան ճիշտ, ապահով և անվտանգ քվեարկել»,-Twitter-ում գրել էր Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 3-ին։










