Բերդում Թումո շարժական կենտրոն կկառուցվի (տեսանյութ)

12:59 • 30.07.20

Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Տավուշի մարզ, քաղաք Բերդ, Հ. Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող ՀՀ սեփականություն հանդիսացող 0.03724 հա հողամասը հետ կվերցնեն «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնեն «Սիմոնյան» կրթական հիմնադրամին:

Նախարարը հայտնեց, որ կրթական հիմնադրամը համապատասխան գրությամբ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին:

«Տարածքում կկառուցվի «Թումո» շարժական կենտրոն:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորեց նախագիծը և նշեց, որ «Թումոն» գործարկել է անցած տարի.«Ըստ էության, արդեն նյութականացվում է նախագիծը: Այս նախագծի շրջանակներում շարժական կենտրոնների միջոցով «Թումոն» իրականացնելու է դասընթացների այն հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում: Բացի այդ, մեզ հետ նախնական քննարկումների արդյունքում մենք պայմանավորվել ենք, որ որոշ ժամանակով այդ տարածքները նաև կարող են տրամադրվել ուսուցիչների վերապատրաստրաստումների համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ նախագիծը առավել ևս հիմա է կարևոր,  երբ քննարկում են սահմանապահ, սահմանամերձ համայնքների զարգացման մեր ռազմավարությունները: «Պետք է արձանագրել, որ մեր բոլոր ռազմավարությունների հիմքում կա մի պարտադիր կոմպոնենտ, դա կրթական կոմպոնենտն է: Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած ռազմավարության մեջ, որտեղ չկա կրթական կոմպոնենտ և դա երկարաժամկետ առանցքային նշանակություն չունի, ապա այդ ռազմավարությունների մեջ մենք չենք կարող հաջողել: «Թումոյի» մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է»: