Աֆղանստանի իշխանություններն ավելի քան 4000 գերեվարված թալիբի են ազատ արձակել

17:33 • 30.07.20

Աֆղանստանի երկրորդ փոխնախագահ Մոհամմադ Սարվար Դանիշը հայտարարել է, որ աֆղանական իշխանությունները բանտերից ազատ են արձակել գերեվարված 5000 թալիբներից 4600-ին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով աֆղանական 1 TV News հեռուստաալիքին:

Իր հերթին, «Թալիբան» ծայրահեղական շարժումը պարտավոր է մինչև հուլիսի 30-ի երեկոյան ավարտել աֆղանցի 1002 գերիների ազատ արձակումը` ազատելով ևս 79 մարդու:

Թալիբներն աֆղանական իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր 5000 գերիներին` ԱՄՆ-ի հետ համաձայնագրի հիման վրա: Շարժումը պաշտոնական Քաբուլին կոչ է անում հնարավորինս արագ ավարտել ազատ արձակման ընթացքը, որպեսզի «ճանապարհ բացվի միջաֆղանական բանակցությունների համար»:

Փետրվարի վերջին Քաթարում կայացած միջոցառման ժամանակ ԱՄՆ-ն ու «Թալիբանը» առաջին անգամ խաղաղության համաձայնագիր են կնքել ավելի քան 18 տարի շարունակվող պատերազմից հետո: Համաձայնագիրը ենթադրում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից արտասահմանյան զորքերի դուրսբերում, իսկ ձերբակալվածների ազատ արձակումից հետո պետք է սկսվի միջաֆղանական երկխոսությունը: