Ստամբուլում հայկական եկեղեցու խաչը պոկած և գետնին նետած անձը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման
Այս տարվա մայիսին Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը պոկած և գետնին նետած անձը` Մազլում Սերինը, թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
Սերինին մեղադրանք էր առաջադրվել «աղոթատեղիներին վնաս հասցնելու» հոդվածով:
Սերինը նշել է, որ որևէ պատճառ չի ունեցել իր արարքի համար, զղջացել է կատարվածի համար և բացատրել է, որ արարքը կատարել է հիվանդության ազդեցության տակ: Նա տառապում է շաքարախտով, հիվանդության պատճառով անաշխատունակ է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը պոկվել էր անհայտ անձի կողմից և գետնին նետվել: Ավելի ուշ պարզվել էր, որ խաչը պոկած ու գետնին նետած անձը Մազլում Սերինն է:










