Բելառուսում ձերբակալված «Վագների խումբ» կազմակերպության անդամ զինյալները նախկինում ծառայել են ՌԴ ուժային կառույցներում (տեսանյութ)

10:31 • 30.07.20

Բելառուսում լույս հուլիսի 29-ին ձերբակալված ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամ զինյալները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ նախկինում ծառայել են ՌԴ ուժային կառույցներում: Այս մասին տեղեկացնում է «Беларусь 1» հեռուստաալիքի կայքը:

«Ձերբակալվածներից ոմանք հղում էին անում ռուսական քաղաքացիությանը և անցյալում Ռուսաստանի տարբեր ուժային կառույցներում ծառայելուն` որպես իրենց վարչական կամ քրեական պատասխանատվության չենթարկելու պատճառ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 32 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են:

Բելառուսում տեղի ունեցած այս դեպքից հետո որոշվել է ուժեղացնել պետական սահմանների հսկողությունը: