Ֆրանսիայում երաշտի պատճառով ջրի օգտագործման սահմանափակումներ են գործում

17:57 • 30.07.20

Ֆրանսիայի մի շարք շրջաններում իշխանությունները երաշտի հետ կապված սահմանափակել են ջրի օգտագործման ծավալները, հայտնում է telegraf.by կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հուլիսի 16-ի դրությամբ ջրի օգտագործման որոշակի սահմանափակումներ գործել են 32 դեպարտամենտում, ինչը Ֆրանսիայի մայրցամաքային հատվածի մոտ մեկ երրորդ մասն է կազմում։ Այժմ նման սահմանափակումներ ունեցող դեպարտամենտների թիվն արդեն հասել է 67-ի։

Այնպիսի շրջաններում, ինչպիսին է կենտրոն-արևելյան Բուրգոն-Ֆրանշ Կոնտեն, իրավիճակը շատ ավելի բարդ է։ Այստեղ 8 դեպարտամենտից արդեն 6-ում ջրի օգտագործման երկարաժամկետ սահմանափակումներ են սահմանվել։

Երկրի իշխանություններն այս որոշումը բացատրում են բարձր ջերմային ֆոնով և տեղումների քիչ քանակով։ Օդերևութաբանները մոտ ժամանակներս իրավիճակի փոփոխություն չեն կանխատեսում։

Սահմանափակումների խստությունը տարբերվում է կախված տվյալ դեպարտամենտից: Որոշ շրջաններում արգելքների թվում են անձնական լողավազանները ջրով լցնելը, որոշակի ժամերի այգիները ջրելը, գյուղատնտեսության մեջ ջրի շատ օգտագործումը, ավտոլվացման հատուկ կետերից դուրս մեքենա լվանալը։