Ուգանդայի լեռնային գորիլաներից մեկին՝ Ռաֆիկիին սպանած տղամարդը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

20:33 • 30.07.20

Ուգանդայի ամենահայտնի լեռնային գորիլաներից մեկին՝ Ռաֆիկիին սպանած տղամարդը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, գրում է BBC-ն։

Ֆելիքս Բյամուկաման մեղավոր է ճանաչվել Բվինդի Ազգային Պարկի տարածք ապօրինի մուտք գործելու և գորիլայի սպանության համար։

Լեռնային գորիլաներն անհետացման վտանգի տակ են․ նրանց թիվը մոտ 1000 է, և, ինչպես ասել է Ուգանդայի վայրի բնության պաշտպանության ընկերակցությունը, «Ռաֆիկին արդարադատության արժանացավ»։

Ռաֆիկին անհետ կորած էր հայտարարվել հունիսի 1-ին, իսկ նրա այլանդակված մարմինը գտել էին հաջորդ օրը՝ Բվինդի Ազգային Պարկում։

Հետաքննությունը ցույց էր տվել, որ Ռաֆիկին սպանվել է սուր առարկայով, որը ներթափանցել է նրա ներքին օրգաններ։

Կենդանասպանն արժանացել է 11 տարվա ազատազրկման․ ձերբակալվել են նաև որսին մասնակից նրա երեք ընկերները։