Վճռաբեկ դատարանի նախագահը և ևս մեկ դատավոր ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն առաջադրելու մասին դիմում են ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովին

18:55 • 30.07.20

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար այս պահի դրությամբ Դատավորների ընդհանուր ժողովին 2 դատավոր է իր թեկնածությունն առաջադրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ՍԴ դատավորի պաշտոնի համար թեկնածությունն առաջադրելու մասին դիմումներ են ստացվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանից։

Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 31-ին, տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ էլ ընտրվելու է թեկնածուներից մեկը։

Սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ 3 դատավորների լիազորությունները դադարեցվեցին և 3 թափուր տեղերի համար առաջադրումներ պետք է կատարեն Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և ՀՀ նախագահը։ Կառավարությունը հուլիսի 23-ին առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, Դատավորների ընդհանուր ժողովը թեկնածուի անունը հայտնի կլինի վաղը։