Ամենևին չեմ պատրաստվում դառնալ «դատական համակարգի մեղքերի քավության նոխազը». ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյան (տեսանյութ)
Շուրջ երեք ժամ ընթացած քննարկումների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հնչեցրեցին տարբեր հարցեր, այդ թվում՝ մամուլի և սոցցանցերի օգտատերերի բարձրացված հարցեր և իմ կողմից փորձ արվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել հարցադրումների վերաբերյալ իմ մոտեցումները, որը, իմ կարծիքով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին թույլ կտա ձևավորել մոտեցում հետագա գործընթացների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը:
Նշենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ, հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ:
Դիտարկմանը, թե խոսվում է այն մասին, որ Վահրամ Ավետիսյանի հայրը եղել է դատավոր, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները ևս մտահոգություն ունեն այս առումով, Վահրամ Ավետիսյանը նշեց. «Հանդիպման ժամանակ այդ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվեց, իմ մոտեցումը հետևյալն՝ ես չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանում գոյություն ունեցած դատական համակարգի հետ առկա խնդիրները և չեմ պատրաստվում դառնալ «դատական համակարգի մեղքերի քավության նոխազը»: Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով պետք է հստակ պարզել վճռաբեկ դատարանի գործառույթը, արդյո՞ք Վճռաբեկ դատարանը գործ քննող դատարան է թե ոչ, արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե խոսում ենք միայն ենթադրությունների մասին: Ես հասկանում եմ նման հարցադրումներ կատարող սուբյեկտների մտահոգութունները, բայց չեմ կիսում, որովհետև ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, առնչություն են ունեցել այդ գործերին: Իմ հայրը արդեն շուրջ 5 տարի է՝ թոշակի է գնացել և չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում՝ Սահմանադրական դատարանում իմ գործունեության վրա»,- նշեց նա:
Վահրամ Ավետիսյանը նշեց, որ եթե ինքն ընտրվի ՍԴ դատավոր և իր հոր հետ կապված ինչ որ վեճ լինի և հասնի Սահմանադրական Դատարան, ՍԴ օրենքը հստակ այդ խնդիրը կարավորում է և շահերի բախման դեպքում հանդիսանում է տվյալ գործով անհամատեղելիության հիմք, և որպես դատավոր նա չի կարողանա մասնակցել այդ պրոցեսին:
Լրագրողի դիտարկմանը, թե այնուամենայնիվ միջնորդավորված ձևով կարող է ազդեցություն ունենալ, նա նշեց․ «Միջնորդավորված ձևով էլ չեմ կարող մասնակցել, ես վստահ եմ, որ երբ ՍԴ դատարանում նոր դատավորներ ընտրվեն և գործող դատավորներն էլ կունենան այնքան անաչառություն, որ ես որևէ ձևով չեմ կարող միջնորդավորված ազդեցություն ունենալ»։










