Պակիստանում աստվածանարգության համար մեղադրվող անձին կրակել ու սպանել են հենց դատարանի դահլիճում

16:42 • 30.07.20

Պակիստանի Փեշավար քաղաքի դատարանի դահլիճում կրակել են աստվածանարգության համար մեղադրվող կրոնական փոքրամասնություններից մեկի ներկայացուցիչ Թահիր Ահմեդ Նասիմի վրա և սպանել նրան, հայտնում է gazeta.ru կայքը։ 

Տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալը հրազենային վեց վիրավորում է ստացել և տեղում մահացել։ Նշվում է, որ նրան սպանած անձի երազում, իբր, Մուհամեդ մարգարեն է երևացել։

Դատարանը հավատացյալների զգացմունքները վիրավորելու, Ղուրանի պղծման և մուսուլմանական առաջնորդ Մուհամեդին վիրավորելու համար Նասիմին երեք հոդվածով մեղադրանք է առաջադրել։

Հայտնի է, որ Պակիստանում նման օրինախախտներին մահապատիժ է սպառնում։

Նշվում է, որ 1990-ական թվականներից ի վեր Պակիստանում կրոնական մոլեռանդները նման հանցագործությունների մեջ ներգրավված 80 մարդու՝ այդ թվում և նրանց ընտանիքների ու փաստաբանների կյանքեր են խլել։

Այսպես, օրինակ, 2011 թվականին Փենջաբ նահանգի նահանգապետ Սալման Թասիրին հենց նրա թիկնապահներն են սպանել, քանի որ քաղաքական գործիչը պաշտպանել է աստվածանարգության համար մեղադրվող քրիստոնյա Ազիա Բիբիի շահերը։ Սակայն այս գործն ամբողջ աշխարհում լայն արձագանք է գտել, որից հետո Բիբին ամերիկացի և եվրոպացի իրավապաշտպանների պահանջների արդյունքում ազատություն է ստացել։