Իշխանությունը վախենում է խոստովանել, որ Ամուլսարի ոսկու հանքը բացելու քաղաքական որոշումը կայացված է, իրավիճակը ձգձգում է՝ որքան հնարավոր է. Սիլվա Ադամյան (տեսանյութ)
Սևանա լճի խնդիրները գալիս են դեռևս խորհրդային տարիներից և տասնամյակներով կուտակվել ու հասել են մեր օրերը. եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք Սևանա լիճը, բնակլիմայական պայմանները ևս բերում են լճի ծաղկմանը, ափի մի մասում՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, արդեն ճահճացում է ընթանում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել բնապահպան Սիլվա Ադամյանը:
«Հիդրոէկոլոգները պնդում են, որ ձկնային պաշարները՝ կողակը և սիգը, էականորեն նվազել են, լճի բնականոն վիճակը պետք է վերականգնվի: Սևանի ծաղկման գործընթացը շարունակվելու է, քանի դեռ լճի հիդրոէկոլոգիան չի վերականգնվել: Ափամերձ տարածքների մաքրումը շատ հպանցիկ է արվել, ծառերի, շինությունների մեծ մասը մնացել է ջրի տակ: Կարևորագույն անելիքը լճի մակարդակի բարձրացումն է, դա կբերի ջրի ջերմաստիճանի անկման»,- ասել է փորձագետը:
Ըստ Ադամյանի՝ 90-ականներին Սևանը մեզ կերակրեց, իսկ մենք անգութ ենք վարվում մեր ազգային այդ հարստության հետ. «Տեսեք, թե ինչպես են ղրղզները խնամում, փայփայում Իսիկ-Կուլ լիճը, ոչ մի կառույց, շինություն չկա ափամերձ տարածքներում: Մենք մեր դասը չսովորեցինք: Գուցե գիտնականները փորձեն դիմել իշխանություններին՝ խնդրին լուծում տալու նպատակով: Ամեն տարի՝ ջրբացթողնման օրերին, բնապահպաններս, «Սոս Սևան» նախաձեռնությունն ԱԺ-ի դիմաց ակցիաներ է կազմակերպում»:
Ինչ վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործմանը, ըստ բնապահպանի՝ կայացված է քաղաքական որոշում, որ հանքը պետք է աշխատի. «Շատ խնդիրներ կան, որոնք արտացոլված չեն «Լիդիանի» ՇՄԱԳ-ում: Իշխանությունը խոստանում էր կրճատել հանքարդյունաբերությունը, բայց նոր մետաղական հանքեր բացելու հանրային լսումները շարունակվում են: Հրաշալի է, որ բնակիչներն իրենք են տապալում այդ լսումները: Արդեն առկա հանքերն ու պոչամբարները պետք է կարգի բերվեն, դրանց մի մասը՝ ռեկուլտիվացվի: Մեր հանքերի խտությունը բարձր է, նոր հանքեր այլևս չի կարելի բացել: Առողջարանի կողքին հանք բացելն այդ տարածքի մահ է նշանակում»:
Սիլվա Ադամյանի պնդմամբ՝ Ամուլսարի ոսկու հանքում ընդհուպ թուրքական հետք կա, այդ հարցում անձնական շահ ունի նաև Արմեն Սարգսյանը. «Երբ արքայազն Չարլզը ժամանեց Ջերմուկ, ամեն ինչ պարզ դարձավ: Նույն այս կազմակերպությունը փորձել է հանք շահագործել նաև Վրաստանում, բայց կառավարությունը կանգնել է ժողովրդի կողքին և թույլ չի տվել իրագործել դա: Տեղի բնակչությունը, կամավորները, հանրությունը պետք է ընդդիմանան հանքի բացմանը, ընդհուպ՝ տեղում հերթապահություն իրականացնեն»:
Փորձագետի պնդմամբ՝ բնապահպանության ոլորտի կառավարման մարմիններում անտեղյակ, ոլորտի հետ կապ չունեցող անձինք են: «Շրջակա միջավայրի նախարարությունը ողբալի կադրային վիճակում է, նրանք բացարձակ չեն համագործակցում հանրության հետ, զրոյական մասնագիտական մակարդակ ունեն: Ոստիկանական բիրտ ուժ կիրառելով՝ կփորձեն ակտիվիստներին հեռացնել Ամուլսարից: Իշխանությունը վախենում է խոստովանել, որ հանքը բացելու է, քանի որ բնապահպանների մեծ զանգվածի հետ կթշնամանա: Ձգձգում են, որքան կարող են, բայց տեղացիները թույլ չեն տա հանքը բացել»,- ամփոփել է բնապահպանը:
Դավիթ Սարգսյան










