Ադրբեջանն ու Թուրքիան հստակ ցույց են տալիս, որ պատրաստվում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը. դա սպառնալիք է նաև տարածաշրջանի մյուս երկրների համար. Տաթևիկ Հայրապետյան  

13:16 • 30.07.20

Թուրքիան իր քայլերով, գործողություններով, հայտարարություններով հստակ դրսևորվում է որպես մեզ հակառակորդ երկիր, և պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել. այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և օրերս Տավուշի մարզի սահմանային իրավիճակին:

«Միևնույն ժամանակ ես կարծում եմ՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունը անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի համար, այլև՝ ամբողջ տարածաշրջանի, և այն պարագայում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ ցույց են տալիս, որ իրենք պատրաստվում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը, ապա այդ պարագայում դա սպառնալիք է տարածաշրջանի մյուս երկրների համար»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ վերջին շրջանում ականատես եղանք ադրբեջանական քաղաքական-ռազմական ղեկավարության կողմից հռետորաբանության սրացմանը, և այդ համատեքստում տեղի ունեցան Տավուշի հայտնի դեպքերը, որոնց արդյունքում ադրբեջանական բանակն անհաջողություններ կրեց, և դա քողարկելու նպատակով որոշեց հերթական անգամ հակահայկականության գործոնն ասպարեզ բերել՝ հակահայկական կոչերով հայտնի ցույցի տեսքով:

Պատգամավորն ընդգծեց՝ ինչպես վարչապետն է ասել՝ մեզ հետ հնարավոր չէ խոսել սպառնալիքի լեզվով, և Ադրբեջանն ականատես եղավ, որ սպառնալիքի լեզվով խոսելու փորձն անգամ ամենախիստ պատժի է արժանանալու:

Հայրապետյանի խոսքով՝ փաստացի, ռազմական անհաջողության համար պատասխան տվեց երկրի արտգործնախարարը. հարմար պահը ընտրվեց՝ նրան պաշտոնից հեռացնելու համար: «Իմ կարծիքով՝ Ադրբեջանի նախագահը մեծ սխալ թույլ տվեց բարկության ընթացքում՝ մեղքի ամբողջ բաժինը փորձելով բարդել դիվանագիտական աշխատանքի վրա, ինչը մեր տեսանկյունից այնքան էլ վատ չէ»,-նշեց նա:

Վերջինս նշեց նաև, թե նոր արտգործնախարարի նշանակումը ևս բազմաթիվ հարցեր առաջացրեց, քանի որ անհասկանալի է, թե ինչ կապ ունի նորանշանակ նախարարն արտաքին քաղաքականության և, հատկապես, Լեռնային Ղարաբաղի հարցի հետ:

Պատգամավորը նշեց, թե քանի օր է՝ Իլհամ Ալիևը հակասական հայտարարություններով է հանդես գալիս, բայց Հայրապետյանի տեղեկացմամբ՝ ներադրբեջանական դաշտում քննարկում են պարտության պատճառները, գեներալի մահը. «Իրականում շատ լավ գիտակցել են, որ իրենք մեծ անհաջողություն են կրել, և այդ քարոզչական շղարշը, որ փորձում է Ալիևը ապահովել՝ իր դեմքը փրկելու համար, իրականում ընդհանրապես չի աշխատում»:

Պատգամավորի խոսքով՝ օրերս Ադրբեջանում հակահայկական ցույցն ու դրա ընթացքում հնչող ելույթները ևս մեկ անգամ փաստեցին, որ հայկական կողմից անվտանգության մասին խոսելը փաստարկված է:

«Միևնույն ժամանակ, այն իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտ աջակցություն, խրախուսում է ստանում Թուրքիայի կողմից, իսկ Օսմանյան Կայսրությունը Հայոց ցեղասպանության իրագործողն է, ներկայիս Թուրքիան էլ՝ դրա ժխտողն ու ճանաչման դեմ պայքարողը, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասնաբար հակահայկականության քաղաքականության, հայերի էթնիկ բնաջնջման քաղաքականության կրողներն են, այլ բան է, որ դա նրանց երբևիցե չի հաջողվելու, բայց մեկ այլ բան է, որ դա թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության աչքում ևս մեկ անգամ ավելի հստակ է դարձնում այն դիրքորոշումը, որ անվտանգային հարցերում զիջում չի կարող լինել»,-ասաց Հայրապետյանը՝ նշելով, թե մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած հնարավոր զարգացման՝ ունենալով նման հակառակորդ երկրներ: