«Թուրքիան վճռականությամբ լի է հաղթական ավարտի հասցնելու այն պայքարը, որը մղում է մի քանի ճակատով, այդ թվում` Սիրիայում, Իրաքում և Լիբիայում». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 30-ին մահմեդական Կուրբան բայրամ տոնի (Զոհաբերության տոն) առիթով քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ Թուրքիան վճռականությամբ լի է հաղթական ավարտի հասցնելու այն պայքարը, որը նա մղում է մի քանի ճակատով, այդ թվում` Սիրիայում, Իրաքում և Լիբիայում: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանի խոսքով` գալիք օգոստոս ամիսը թուրք ժողովրդի պատմության մեջ համարվում է հաղթանակների ամիս:
«Մենք պատրաստ ենք գալիք սերունդներին նոր պատմական ձեռքբերումներ ու հաղթանակներ ժառանգություն թողնել»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև հուլիսի 24-ին Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը որպես մզկիթ վերաբացելուն:
«Թուրքիան չի հապաղի իր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու գործում, ինչպես արեց ուրբաթ օրը` վերաբացելով Սուրբ Սոֆիայի մզկիթը»,-ասել է թուրք առաջնորդը:
Թուրքիայի նախագահը նաև դրական է գնահատել երկրի պայքարը կորոնավիրուսի դեմ՝ նշելով, որ երկրի իշխանությունները բավականին հաջող քայլեր են ձեռնարկել բնակչության առողջությունը պահպանելու համար:
Ելույթի վերջում Էրդողանը Թուրքիայի ժողովրդին բարեմաղթանքներ է հղել Կուրբան բայրամի կապակցությամբ:










