Գերմանիան վարկի և դրամաշնորհի տեսքով գրեթե 200 միլիոն եվրո կտրամադրի Վրաստանին

16:29 • 31.07.20

Վրաստանի ֆինանսների նախարարության և երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության միջև համաձայնություն է ստորագրվել, ըստ որի Գերմանիան Վրաստանին վարկի և դրամաշնորհի տեսքով գրեթե 200 միլիոն եվրո կտրամադրի: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Վրաստանի ֆինանսների նախարարությանը:

Վրաստանը 170 միլիոն եվրո կստանա վարկի և 28,5 միլիոն եվրո` դրամաշնորհի տեսքով: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին և Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը:

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալների՝ գումարը կծախսվի քաղաքաշինական, զբոսաշրջային ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների վրա:

«Այս նախագիծն ուղղված է զբոսաշրջության զարգացմանը և, միևնույն ժամանակ, երկրի բնության պահպանությանը: Մենք երախտապարտ ենք վրացական կառավարությանն այս համագործակցության համար, որը տարիների ընթացքում զարգանում է երկու երկրների միջև: Ուրախ եմ, որ այս նախագծերն իրականացվելու են հաջորդ տարվանից»,-ասել է Գերմանիայի դեսպան Քնիրշը:

Մինչ օրս Գերմանիայի հետ ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակում Վրաստանին հատկացվել է ավելի քան 1 միլիարդ եվրո՝ դրամաշնորհների, տեխնիկական աջակցության և վարկերի տեսքով: