Կառավարման համակարգում դերաբաշխումը խախտվում է, երբ, օրինակ, առողջապահության նախարարը առողջապահությամբ զբաղվելու փոխարեն զբաղվում է քաղաքական քննադատությամբ․ Գևորգ Գրիգորյան
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադարձավ կառավարման համակարգում առաջացած թերացումներին:
Նա նշեց, որ երբ կառավարման համակարգում դերաբաշխումը խախտվում է, երբ, օրինակ, առողջապահության նախարարը առողջապահությամբ զբաղվելու փոխարեն զբաղվում է քաղաքական քննադատությամբ, ԿԳՄՍ նախարարը կրթությամբ զբաղվելու փոխարեն զբաղվում է այլ գործով, մայրաքաղաքի քաղաքապետը հումարային ձայնագրություն է ուղարկում վարչապետին:
«Երբ պաշտոնյաների դերաբաշխումը փոխվում է, նրանք իրենց տեղում չեն լինում, համակարգը սկսում է փլուզվել»,-ասաց նա՝ ընդգծելով, թե շատերը չեն հասկանում՝ ինչ է նշանակում ինստիտուտցիոնալ կառավարում, պետական համակարգ, ոլորտի համակարգող:
«Դրա արդյունքում նրանք սկսում են ճիշտ մոտեցման փոխարեն էմոցիոնալ մոտեցում ցուցաբերել այդ կառույցների հանդեպ»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, թե պետական կառավարման հանդեպ էմոցիանալ մոտեցումը հղի է շատ լուրջ բարդություններով:
Գրիգորյանի խոսքով՝ դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում սիրել պետական պաշտոնյային, օրինակ՝ վարչապետին, առողջապահության նախարարին: «Նրանք ու այլ պաշտոնյաներ նախատեսված չեն իրենց սիրելու համար. կարելի է նրանց հարգել աշխատանքի համար, վերաբերվել դրական կամ բացասական՝ իրենց կատարած բարեփոխումների, ծրագրերի համար, բայց ոչ սիրել»,-ասաց նա՝ նշելով, թե այդ պարագայում կորում է սառը քննադատության հատկությունը, քանզի դժվար է դառնում նկատել բացթողումները:
«Իսկ չնկատված բացթողումները կարող են վերածվել ավելի լուրջ խնդիրների: Դա էլ կատարվեց 2018-2019թթ ընթացքում. շատ մարդիկ, էմոցիոնալ վերաբերվելով պետական պաշտոնյաներին, չնկատեցին նրանց բացթողումները, խոսքային ու ծրագրային թերացումները, և հասանք այս իրավիճակին, երբ այսօր ամեն ինչն է թերանում»,-ասաց նա:










