«Սուրբ Սոֆիայի տաճարի` որպես մզկիթ վերաբացումը Թուրքիայի պատմության ամենաշրջադարձային իրադարձություններից է». Թուրքիայի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը որպես մզկիթ վերաբացված Սուրբ Սոֆիայի տաճարում Կուրբան Բայրամ մահմեդական տոնի առիթով տեղի ունեցած մահմեդական աղոթքի արարողությունից հետո հայտարարել է, որ տաճարի` որպես մզկիթ վերաբացումը Թուրքիայի պատմության ամենաշրջադարձային իրադարձություններից է: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք Սուրբ Սոֆիայում 86 տարի անց առաջին տոնական աղոթքն անցկացրինք: Սա հուզիչ պահ է մեր ազգի համար: Սուրբ Սոֆիայի մզկիթի վերաբացումը մեր պատմության ամենակարևոր շրջադարձային իրադարձություններից է»,-ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:
Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց` 2020 թվականի հուլիսի 24-ին, բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:
1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:










