Բելառուսի նախագահական ընտրապայքարում Լուկաշենկոյի կին մրցակցին աջակցող հանրահավաքին ռեկորդային թվով մարդ է մասնակցել

01:45 • 31.07.20

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հանրահավաքին ավելի քան 34 հազար մարդ է ներկա գտնվել: Այս մասին հայտնում է ռուսալեզու Forbes-ը՝ վկայակոչելով իրավապաշտպանների իրականացրած հաշվարկները: 

Տեղի լրատվամիջոցներից Наша Нiва-ն հայտնում է, որ այս հանրահավաքը մարդաշատության առումով ռեկորդային է անվանվել: Նշվում է, որ Տիխանովսկայայի շուրջ են համախմբվել նաև ընտրապայքարից հանված նախագահական 2 թեկնածուների ներկայացուցիչները:

«Տիխանովսկայան մասնակիցների թվով կրկին ռեկորդ է սահմանել, չնայած ռուսաստանցի զինյալների ձերբակալմամբ առաջացած վախի և ահաբեկումների մթնոլորտին»,- նշում է պարբերականը: 

Весна իրավապաշտպան կենտրոնի թելեգրամյան ալիքում հստակեցվում է, որ խոսքը տեղի ժամանակով 20:30-ի դրությամբ հանրահավաքին ներկա գտնվածների մասին է: Հանրահավաքը տևել է մինչև ժամը 22:00-ն: