Հոլոքոստը վերապրածը դատի է տվել Գերմանական երկաթուղիներին՝ հրեաներին ֆաշիստների «մահվան ճամբարներ» տեղափոխելու համար

10:15 • 31.07.20

Հոլոքոստը վերապրած Սալո Մուլերը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Գերմանական երկաթուղիների՝ ֆինանսական փոխհատուցում պահանջելով Երկրորդ աշխարհամարտի տարիներին մարդկանց ֆաշիստական Գերմանիայի կառուցած համակենտրոնացման ճամբարներ տեղափոխելու համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, ազգությամբ հոլանդացի 84-ամյա Մուլերը, որի ծնողներին Ամստերդամից գնացքով տեղափոխել են «Վեսթերբորք» ճամբար, այնուհետեև «Օսվենցիմ», որտեղ էլ նրանք մահացել են, Գերմանիայի իշխանություններից փոխհատուցում, ինչպես նաև ներողություն է պահանջում պատերազմի տարիներին Deutsche Reichsbahn-ի ունեցած դերակատարման համար:

Նրա հայցում նշվում է, որ փոխհատուցում պետք է ստանա Հոլոքոստը վերապրած մոտ 500 հրեա, ինչպես նաև նրանց մոտ 5500 բարեկամ-ազգական:

Բացի այդ, Մուլերը նաև նամակ է գրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ ընդգծելով, որ Գերմանական երկաթուղիները բարոյապես և իրավաբանորեն պարտավոր են  ընդունել իրենց ունեցած դերակատարումը հրեա ժողովրդի տառապանքների հարցում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանական երկաթուղիների աշխատանքը համակարգող մարմինը՝ Deutsche Reichsbahn-ը, պատասխանատու է Նիդեռլանդներում բնակվող 107 000 հրեայի հարկադրաբար համակենտրոնացման ճամբարներ տեղափոխման համար: Հաճախ զոհերն իրենք էին վճարում գնացքով տեղափոխման ծախսերը՝ ներկայիս փոխարժեքով 16 մլն եվրո եկամուտ ապահովելով երկաթուղու համար:

«Ես մեղադրում եմ Գերմանական երկաթուղիներին, որը, ամեն ինչից տեղյակ լինելով, հրեաներին տեղափոխել է համակենտրոնացման ճամբարներ, որտեղ նրանց սարսափելի ձևով սպանել են: Ես չեմ կարող այս ամենից հրաժարվել, քանի որ դա ամեն օր ինձ ցավ է պատճառում: Ցանկանում եմ, որ այդ ցավն ի վերջո անցնի»,-ասել է Մուլերը: