Վիետնամում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

13:53 • 31.07.20

Վիետնամում կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մահվան մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման վերահսկողության և կանխարգելման վիետնամական հանձնաժողովը։

Վիետնամի կառավարական համացանցային պորտալի ավելի վաղ հրապարակած տեղեկությունների համաձայն՝ հիվանդը երկրի 70-ամյա քաղաքացի է եղել, որը հիվանդանոցում կորոնավիրուսի հետ կապ չունեցող հիվանդությունից բուժում է ստացել։ Նշվում է, որ տղամարդը վիրուսով վարակվել է հիվանդանոցում գտնվելու ժամանակ և արդեն հուլիսի 27-ի դրությամբ գրանցված է եղել որպես կորոնավիրուսով վարակված հիվանդ։

Համավարակի ընթացքում Վիետնամում կորոնավիրուսով վարակման 509 դեպք է գրանցվել, որից 93-ը՝ հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում։ Վարակի նոր բռնկումը սկսվել է Դանանգ մերձծովյան քաղաքում։

Այստեղ կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր մինչև հուլիսի 31-ը չեն գրանցվել։ Ներկայում, Վիետնամի համացանցային կառավարական պորտալի տվյալների համաձայն, նոր վարակի բռնկման հետ կապված երկրում ավելի քան 53 հազար մարդ կարանտինային գոտում է գտնվում։