Սևանի լողափից գողացել էին կնոջ պայուսակը. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում գողացողը ներկայացել է ոստիկանության Սեւանի բաժին եւ ներկայացրել գողոնի մի մասը

14:55 • 01.08.20

Ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ հուլիսի 25-ին Սեւանա լճի մերձակա հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի լողափից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել էին բանկային քարտեր, 65.000 դրամ, փաստաթղթեր, ավտոմեքենայի եւ տան բանալիներ, բջջային հեռախոս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կնոջ պայուսակը գողացել է 47-ամյա մի կին։

Նա հուլիսի 31-ին հրավիրվել է ոստիկանության Սեւանի բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ հայտնել, որ հետագայում, թաքցնելու նպատակով, պայուսակը տվել է որդու ընկերոջը։ Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Սեւանի բաժին եւ ներկայացրել գողոնի մի մասը։

Կատարվում է քննություն։