ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրումը ՍԴ-ի լիազորությունների յուրացման, սահմանադրական կարգի տապալման դրսևորում է. սա ծաղր է ՀՀ-ի՝ որպես իրավական պետության հանդեպ. Մ. Պողոսյան
Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման գործընացը ես գնահատում եմ որպես ՀՀ-ում ՍԴ-ի լիազորությունների յուրացման, սահմանադրական կարգի տապալման դրսևորում: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու ընտվեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:
«Անձինք, որոնք առաջադրվում կամ ինքնաառաջադրվում են, պարզապես ծաղր են իրականացնում ՀՀ-ի՝ որպես իրավական պետության հանդեպ: Չպետք է լինել իրավաբան, մասնագետ՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում ՍԴ-ի շուրջ: Առաջադրում կատարելով՝ իրենք նաև իրենց մեջ պետք է հարց տան՝ արդյոք չե՞ն վարկաբեկում իրավաբանի մասնագիտությունը»,-ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ՍԴ դատավորներն աշխատել են նախկին իշխանությունների օրոք, և ՍԴ ճգնաժամը պետք է վերանա, Պողոսյանն արձագանքեց.
«Եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ կատարվածը սահմանադրական կարգի տապալում, ՍԴ իշխանության յուրացում էր, ապա ակնհայտ է, որ այստեղ ի սկզբանե նախկին կամ նոր իշխանությունների ժամանակ աշխատած լինելու տարբերակում դնելն ընդհանրապես անիմաստ է: Այս ամբողջ գործընթացն իրականացվել է հենց հասկանալու համար՝ արդյոք անձը պատրա՞ստ է հլու-հնազանդ կատարել ներկայիս իշխանության պահանջները, թե՞ պատրաստ չէ»,-ասաց փաստաբանը, ապա շարունակեց.
«Ինչպես պարզվեց՝ ՍԴ նախկին անդամները պատրաստ չէին հլու-հնազանդ կատարել իշխանության ցանկությունները և առաջնորդվում էին միայն օրենքով, իսկ այս նոր առաջադրումների համար ծանրակշիռ փաստարկն այն է, որ վերջիններս պատրաստ են առաջադրվել և ընտրվել ՍԴ դատավոր՝ իշխանություններին հլու-հնազանդ լինելով: Անձերի մեջ տարբերություն չկա. եթե դիտարկենք, թե ովքեր են աշխատել նախկին իշխանության օրոք, ապա Երվանդ Խունդկարյանը վերջին տասը տարիների ընթացքում Վճռաբեկ դատարանի դատավոր էր, և նույն հաջողությամբ աշխատել է նաև նախկին իշխանությունների օրոք»,-ասաց նա, ապա վերահաստատեց այն միտքը, թե ՍԴ-ում ճգնաժամ չի եղել:
«Սակայն իշխանություններն իրենց բոլոր գործողություններով հասցրին այդ ճգնաժամին՝ իրենց հնազանդ ՍԴ ունենալու նպատակով»,-նշեց Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք՝ Դատավորների ընդհանուր ժողովը կայացավ երեկ՝ դռնփակ: Նիստին 236 դատավորից մասնակցում էին 180-ը։ ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայներ է հավաքել։
Հիշեցնենք նաև` այս պահին ՍԴ-ում դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։










