Էպշտեյնն անչափահաս աղջկան ստիպել է սեռական հարաբերություն ունենալ Էլիզաբեթ 2-րդի որդու հետ. դատարանը նոր փաստաթղթեր է հրապարակել
Ամերիկացի ֆինանսիստ, միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնը, որը մեղադրվում էր սեռական բռնության և անչափահասներին մարմնավաճառության ներքաշելու համար, փորձել է վարկաբեկիչ նյութեր հավաքել ընդդեմ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կրտսեր որդու՝ արքայազն Էնդրյուի՝ անչափահաս աղջկան ստիպելով սեռական հարաբերություն ունենալ թագավորական ընտանիքի ներկայացուցչի հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտնի է դարձել Էպշտեյնի գործով աղմկահարույց դատավարության շրջանակում դատարանի կողմից հրապարակված փաստաթղթերից:
Նյու Յորքի դատարանի հրապարակած փաստաթղթերում նշվում է, որ արքայազնի ու անչափահասի հարաբերությունները տեղի են ունեցել Էպշտեյնի՝ Վիրջինյան կղզիներում գտնվող մասնավոր կղզում: Ընդհանուր առմամբ, նույն անչափահասն ու արքայազնն իրար հետ սեռական հարաբերություն են ունեցել երեք անգամ՝ կղզուց հետո նաև Լոնդոնում ու Նյու Յորքում:
Ըստ փաստաթղթերի՝ միլիարդատերն անչափահասին կարգադրել է արքայազնին «տալ իր ուզածն» ու այնուհետև իրեն պատմել կատարվածի մանրամասները:
Նշվում է, որ անչափահասն Էպշտեյնի թակարդում է հայտնվել 15 տարեկանում և որպես սեքս ստրուկ է եղել 1999-2002թթ., այնուհետև նրան հաջողվել է այլ երկիր փախչել:
Ըստ փաստաթղթերի՝ Էպշտեյնը, անչափահասին հզոր ու ազդեցիկ մարդկանց առաջարկելով, փորձել է նրանցից բիզնես, քաղաքական, անձնական, ֆինանսական օգուտ ստանալ, ինչպես նաև այդ մարդկանց շանտաժի ենթարկելու համար նյութեր հավաքել: Նրանց թվում են բազմաթիվ հայտնի ամերիկացի քաղաքական գործիչներ, գործադիր տնօրեններ, այլ պետությունների նախագահներ ու վարչապետեր:
Հայտնի է, որ Էպշտեյնն ինքնասպան է եղել նախորդ տարի ձերբակալվելուց հետո:










