Թրամփը հայտնել է, որ ուրախ կլինի Ռուսաստանի հետ միջուկային նոր պայմանագրի կնքման համար

10:46 • 01.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլինի Ռուսաստանի հետ միջուկային զենքի վերաբերյալ պայմանագրի կնքման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք այժմ Ռուսաստանի հետ միջուկային զենքի չտարածման վերբերյալ պայմանագրի վրա ենք աշխատում։ Եթե նմանատիպ ինչ-որ բան ունենանք, հրաշալի կլինի»,- Ֆլորիդայում լրագրողներին ասել է ԱՄՆ  նախագահը։  

Նշվում է, որ Վիեննայում հուլիսի 27-30-ը երկկողմ ռազմավարական երկխոսության շրջանակում միջգերատեսչական հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև։

Հիշեցնենք նաև, որ դրանից մեկ ամիս առաջ՝ հունիսի 22-23-ը Վիեննայում ռազմավարական կայունության վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի երկարաձգման, Միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիր կասեցման պարագայում կայունության և կանխատեսելի գործողությունների պահպանման վերաբերյալ հարցեր։