«Ռոսկոսմոս» կորպորացիան 2021թ-ին 2 զբոսաշրջիկի տիեզերք կուղարկի
2021թ-ին Միջազգային տիեզերակայան 2 զբոսաշրջիկ կմեկնի, որոնց անունները տարվա սկզբին կհայտարարվեն, հաղորդում է Интерфакс ռուսական գործակալությունը՝ հղում անելով «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի հայտարարությանը:
Ըստ այդմ, զբոսաշրջիկները տիեզերք կմեկնեն տիեզերական գործունեության մեջ մասնագիտացած Space Adventures ընկերության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:
Ռուսական պետական կորպորացիան հունիսի 25-ին տեղեկացրել էր, որ հրթիռատիեզերական «Էներգիա» կորպորացիան և ամերիկյան Space Adventures ընկերությունը 2023թ-ին Միջազգային տիեզերակայան տիեզերական 2 զբոսաշրջիկ ուղարկելու վերաբերյալ պայմանագիր են ստորագրել:
Նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել նաև, որ երկու զբոսաշրջիկի տիեզերք հասցնելու համար «Սոյուզ-ՄՍ» տիեզերանավի ծախսը 2.5 մլրդ ռուբլի կկազմի:
«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը 2019թ-ի նոյեմբերին հայտարարել էր, որ «Էներգիա» կորպորացիային պատվիրել են երկու լրացուցիչ «Սոյուզ» տիպի տիեզերանավ: Զբոսաշրջիկ տեղափոխելու համար նախատեսված տիեզերանավը հարմարեցվում է մեկ հոգու կողմից ղեկավարվելու համար:










