Թրամփի և նրա վարչակազմի որոշ պաշտոնյաների հակասությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական մոտեցում չունի. The Washington Post

03:36 • 02.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ ռազմավարական մոտեցում չունի, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աշխատակազմի բարձրաստիճան նախկին պաշտոնյային, որը ցանկացել է անանուն մնալ:

Ըստ այդմ, Թրամփը չի ցանկանում, որ Ռուսաստանն «իրեն կոպիտ վերաբերվի»: Ըստ պարբերականի զրուցակցի՝ Թրամփը «խաթարում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ու հետևողական արտաքին քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ չի վարում»: Այդ իսկ պատճառով, պարբերականի փոխանցմամբ, Թրամփի և նրա աշխատակազմի ներկայացուցիչների միջև տարաձայնությունները Ռուսաստանի հարցում վկայում են Մոսկվայի նկատմամբ «ռազմավարական մոտեցման բացակայության վերաբերյալ»:

Հուլիսի կեսին ամերիկյան ABC հեռուստաալիքի և Ipsos հետազոտական ծառայության հրապարակած հարցումների տվյալների համաձայն՝ ամերիկացիների 63%-ը Ռուսաստանի հարցում Թրամփի վարած քաղաքականությանը չի աջակցում, և միայն հարցվածների 36%-ն է կողմ արտահայտվել ԱՄՆ-ի ռուսական քաղաքականությանը: