Ռուսական «Վեկտոր» գիտական կենտրոնը հայտնել է, թե երբ է նախատեսում սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը.ТАСС
Ռուսաստանի «Վեկտոր» գիտական կենտրոնը նախատեսում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունն սկսել նոյեմբերին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:
«Արտադրություն սկսել նախատեսում ենք արդեն այս տարվա նոյեմբերին: Այդ իսկ պատճառով տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին կարելի կլինի խոսել պատվաստման անցնելու մասին, առնվազն ռիսկային խմբում գտնվող մարդկանց համար՝ այնուհետև անցնելով զանգվածային պատվաստման:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան երկրում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի հարցով խորհրդակցության ժամանակ տեղեկացրել էր, որ «Վեկտոր» կենտրոնի մշակած պատվաստանյութի պետական գրանցումը կիրականացվի սեպտեմբերին, իսկ առաջին խմբաքանակը ծրագրում են ստեղծել հոկտեմբերին:
Վերջին տվյալների համաձայն՝ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվել է 850 870 մարդ, որից 5427-ը՝ վերջին մեկ օրում: Հիվանդությունից մահացել է 14 128 մարդ, 70-ը՝ վերջին մեկ օրում:










