Վրաստանի նախկին վարչապետ Ժվանիայի որդուն ձերբակալել են նախկին պատգամավորի թոռանը դանակահարելու համար. ԶԼՄ-ներ
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի որդուն՝ Բուսա Ժվանիային: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին, հետաքննության տվյալներով՝ վերջինս դանակով հարվածել է նախկին պատգամավոր Գոգի Թոփաձեի թոռանը:
Վրացական հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, երբ Թոփաձեի թոռը տուն է վերադառնալիս եղել ընկերների հետ: Ներկայում Լևան Թոփաձեն գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես խիստ ծանր:
Վրաց ՆԳՆ-ից հայտնել են, որ Ժվանիայի որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու» հոդվածով: Վերջինիս 3-6 տարվա ազատազրկում է սպառնում:










