ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու Հանրապետությունում ոռոգման ջրի հետ կապված խնդիրները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու համար Հանրապետությունում ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանրապետության նախագահը նշել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ նախատեսված է մեծածավալ կապիտալ ներդրումներ իրականացնել, քանի որ կայուն ոռոգովի տարածքների ավելացմամբ գյուղատնտեսության համախառն բերքի ծավալները կավելանան մի քանի անգամ:
Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագրին, որն իր ռազմավարական նշանակությամբ Արցախի համար «դարի նախագիծ» է դառնալու: Ոռոգման համալիր ծրագրի կյանքի կոչման գործում նախագահն առաջարկել է նաև կիրառել արտեզյան ջրհորների տարբերակը, սակայն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է սկսել հիմնավոր ուսումնասիրություններ անելուց հետո: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը վերահսկողություն սահմանել կատարվող աշխատանքների վրա՝ բացառելով հնարավոր չարաշահումները:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, «Ջրային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք:










