Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար․ ՔԿ

15:48 • 03.08.20

2020թ. հուլիսի 31-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության ոստիկանները, Երևան քաղաքի Շիրազի փողոցում ծառայություն կատարելիս, նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում նշված ավտոմեքենան կանգնեցնելուց  հետո ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել փաստաթղթերը ներկայացնելու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, որից հետո ոստիկաններին է մոտեցել վերոնշյալ ավտոմեքենայի վարորդի ընկերը, որը, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, քաշքշել է ոստիկանության ծառայողների համազգեստից, ապա՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածել նրանցից մեկի կրծքավանդակին։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օր֊ենսգրքի  316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-֊ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերոնշյալ ոստիկանը ճանաչվել է տուժող, կատարվել են առգրավումներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է։