«Ներկայիս քաղաքային իշխանություններն անում են այն, ինչի դեմ իրենք էին նախկինում պայքարում»․ Մանուշյանի անվան պուրակում հատվող ծառերը հանրության շրջանում քննադատությունների առիթ են դարձել
Մանուշյանի կամ ավելի հայտնի Մաշտոցի պուրակի սկզբնամասում սրճարան կառուցելու նպատակով հանգստյան օրերին չորս հաստաբուն ծառ է հատվել: Սա դարձել է քննարկումների և քաղաքային իշխանություններին քննադատելու թեմա։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանում է, որ տարածքում շուրջ 20 տարի գործող սրճարանի վարձակալը հայտ է ներկայացրել քաղաքապետարան՝ իր տարածքի կառուցապատումը բարելավելու նպատակով, այսինքն՝ հինը քանդելու և նույն ծավալներով նորը կառուցելու: Հենց այս հիմունքով էլ քաղաքապետարանը թույլատրել է տարածքում վերակառուցապատման աշխատանքներ իրականացնել, ինչի շրջանակում էլ հատվել են ծառերը․
«Շուրջ 20 տարի այնտեղ եղել է սրճարան, որի վարձակալի վարձակալության իրավունքը դեռ ուժի մեջ է, դեռ երկար ժամանակ էլ ուժի մեջ կլինի և այդ սրճարանի տարածքում եղել են ծառեր, որոնք ինչ–ինչ պատճառներով վնասվել են, որոնք էլ փոխարինվում են նոր ծառերով, սակայն այդ կանաչ ծավալներ չեն նվազելու ընդհակառակը, եթե նայում ենք միավոր ծառերին, ապա 4 միավոր ծառի փոխարեն մենք ունեննալու ենք 9 միավոր ծառ, բացի դրանից կառուցապատողը` տարածքի վարձակալը, գրավոր կերպով պարտավորվում է սրճարանի հարակից տարածքը կանաչապատ պահել»։
«Կանաչ ապագա» բնապահպանական-հասարակական շարժման ղեկավար և կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանն անընդունելի է համարում ծառերի հատումն ու քաղաքապետարանի կողմից դա անելու թույլտվության տրամադրումը, հիշեցնում է՝ սա այն պուրակն է, որտեղ ակտիվիստները, այդ թվում Երևանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը, պայքարում էին յուրաքանչյուր ծառի համար:
Վահագն Վարագյանի կարծիքով՝ ներկայիս քաղաքային իշխանությունները անում են այն, ինչի դեմ իրենք էին նախկինում պայքարում․
«Այս ծառերը, ոչ միայն էսթետիկ հաճույքի համար են այլև իրենք թթվածնի մեծ աղբյուր են, և քանի որ Երևանում էլ օդը աղտոտված է, ծառերը կենսական նշանակություն ունեն մարդու առողջության համար, եթե Հայկ Մարությանը չլիներ հիմա Երևանի քաղաքապետ, ես վստահ եմ, որ նա հիմա կլիներ այս բետոնե սյուների վրա, ինչպես նաև շատ այլ գործընկերներ քաղաքային ինշխանությունում, ես կոչ եմ անում, որ մեծ տուգանքների ենթարկեն այդ ծառահատողներին և ընդհանրապես դադարեցնեն նման բետոնային շինարարությունը»։
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավարի հետ համաձայն է Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, վերջինս ֆեյսբուքյան իր էջում նկատել է՝
«Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա: Քանի որ երբեմնի խնդիրներ բարձրաձայնողները, տրակտորի դիմացը փակողները այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են: Հիմա իրենց ժամանակն է»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ մեղադրելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին.
«Արդեն հոգնեցինք անտեղի պայքարելուց։ Պարոն Մարության, Մեսչյան, ես ավելին էի սպասում ձեզանից, քան ստանում ենք։ Արդեն էլ ուժ չունենք պայքարելու, ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները։ Երևանի կենտրոնը պետք է բեռնաթափվեր սրճարաններից, այո՛, դուք իսկապես «բեռնաթափում» եք։










