Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով մոտ 8000 հա հողատարածք է այրվել, տարհանվել է առնվազն 8000 մարդ (լուսանկարներ, տեսանյութեր)

10:13 • 03.08.20

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելեսից արևելք ընկած հատվածում, հուլիսի 31-ից սկսված անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 20 500 ակր՝ մոտ 8000 հեկտար տարածք է այրվել, աղետի գոտուց առնվազն 8 հազար մարդու են տարհանել, այս մասին հայտնում է CNN-ը։

Անտառային ծառայության տվյալների համաձայն՝ հրդեհը տարածվել է 20 516 ակր հողատարածքի վրա։ Հրդեհաշիջման  աշխատանքներում ավելի քան 20 փրկարարական խումբ, 6 ուղղաթիռ, 100-ից ավելի միավոր տեխնիկա է ներգրավված։

Միևնույն ժամանակ հրդեհի մարման աշխատանքները բարդանում են ուժեղ քամու և շոգի հետևանքով․ նահանգում օդի ջերմաստիճանը հասնում է մոտ 41 աստիճանի։

Նշվում է, որ տարածքում տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հրդեհի հետևանքով ավերվել է մեկ տուն և երկու հարակից շինություն։ 

Ինչպես տեղական իշխանություններն են հաստատում, տները ճարահատյալ լքած քաղաքացիների համար ստեղծված տարհանման կենտրոնները կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխատում են կարանտինային միջոցառումների խիստ պահպանմամբ։