«Միայն հայերն ու ադրբեջանցիները պետք է որոշեն նրա ճակատագիրը». Լապշինը պատասխանել է «ո՞ւմ է պատկանում Ղարաբաղը» և մի շարք այլ հարցերի

20:59 • 03.08.20

Իսրայելցի և ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է կատարել սոցցանցում՝ «Հարցեր, որոնք ադրբեջանցիները ցանկանում էին տալ Լապշինին, սակայն ամաչել են» խորագրով, որում պատասխանել է այն հարցերին, որոնք իրեն հաճախ են ուղղում ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում:

Ինչպես ներկայացնում է բլոգերը այդ հարցերն առնչվում են հիմնականում նրա ծագմանն ու «Ղարաբաղի հետ իր պատմությանը»: Իրեն ուղղված հարցերից մեկը հետևյալն է «Ինչո՞ւ ես աշխատում հայերի համար»:

«Ես ոչ ոքի համար չեմ աշխատում, ընդհանրապես ոչ ոքի: Երբեք ոչ ոքից գումար չեմ ստացել իմ գործունեության համար: Երբ մեկնեցի ելույթ ունենալու Եվրոխորհրդարանում և ՄԱԿ-ում երկու տարի առաջ, վճարվել են չվերթներիս և հյուրանոցիս համար: Ալիևի ռեժիմի դեմ պայքարի համար մնացյալ ողջ ընթացքում  ես հայկական կողմից կոպեկ անգամ չեմ ստացել: Եվ անգամ, երբ ինձ իսկապես գումար էր անհրաժեշտ, օրինակ, Ստրասբուրգի Եվրոպական դատարան դիմելու համար, ես ոչինչ չեմ ստացել ոչ Հայաստանից որպես պետություն, ոչ էլ հայկական սփյուռքից: Ինչ վերաբերում է, Հայաստանի հասարակ ժողովրդին և սփյուռքին, ապա նրանք ինձ այստեղ հյուրասիրել են, բուժել են լավագույն հիվանդանոցներում՝ Բաքվի բանտում ստացած վնասվածքներից հետո և միշտ սրտաբաց ընդունել են ինձ, այդ մարդիկ ինձ համար երկրորդ ընտանիք են դարձել»,- գրել է բլոգերը:

Լապշինը, հակադարձելով իրեն ուղղված հարցին, թե ինչո՞ւ է Ղարաբաղի անկախության կոչ անում», ասել է, որ երբեք նման կոչ չի արել. «Հիշեցնեմ, որ անգամ Բաքվի դատարանը սևով սպիտակի վրա նշել է, որ կոչի ապացույցներ չեն ներկայացվել և այդ մասով մեղադրանքն ապացուցված չէ»:

Անդրադառնալով հարցին, թե «ինչո՞ւ է այցելել Ղարաբաղ», Լապշինը գրել է. «Բլոգերի և լրագրողի պարտականությունն է այցելել այն տարածաշրջանները, որոնք անհրաժեշտ է համարում այցելել: Ես եղել եմ աշխարհի 145 երկրում, այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Կոսովոյում, Աբխազիայում, Պաղեստինում, Արևմտյան Սահարաում և այլև: Ղարաբաղ ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, ինչպես նաև 150 000 հայ այնտեղ ապրում են մշտապես»:

Պատասխանելով հարցին, թե ինչու է այցելել Ադրբեջան՝ իմանալով, որ գտնվում է սև ցուցակում, բլոգերը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ կայքում հրապարակված սև ցուցակը չի նշանակում, որ չի կարելի մուտք գործել Ադրբեջան: Բացի այդ, իրեն հրավիրել էին «Ֆորմուլա-1»-ի մրցաշարի կամզակերպիչները՝ 2016 թվականին: Երկիր նա մուտք է գործել ուկրաինական անձնագրով, որն, իր խոսքով, օրինական է:

Լապշինը պատասխանել է նաև «Ո՞ւմ է պատկանում Ղարաբաղը» հարցին՝ ասելով. «Հայերին և ադրբեջանցիներին, և միայն այդ երկու ժողովուրդները պետք է որոշեն նրա ճակատագիրը»:

Լրագրողն անդրադարձել է նաև հարցին, թե ինչի է ուզում հասնել Եվրոպական դատարանում: «Իմ բողոքն Ադրբեջանի դեմ ներկայացվել է 2018 թվականին, ներկա պահին ավարտվել են շփումները Բաքվի իշխանությունների հետ: Ես Ադրբեջանին մեղադրում եմ իմ անօրինական ազատազրկման և իմ դեմ մահափորձ կատարելու մեջ»,- մեկնաբանել է լրագրողը:

«Իսկ եթե Ադրբեջանը համաձայնի համաշխարհային պատերազմի գնալ»: Պատասխանելով այս հարցին՝ Լապշինը գրել է. «Չի համաձայնի, այնտեղ ուրիշ մտածելակերպ է: Եվրոպացին կամ ամերիկացին, տեսնելով, որ սխալ է թույլ տվել, կփորձի հարթել այն, պայմանավորվել, և առաջ շարժվել: Ադրբեջանն ուրիշ է: Նրանք հետագայում էլ ճակատով հարվածելու են պատին և պնդելու են, որ ճիշտ են, և բոլորն աշխատում են Հայաստանի համար»:

«Իսկ եթե, այնուամենայնիվ, Բաքվում խելացի մարդիկ հայտնվեն և ասեն, որ տաքացել են և պետք է վերջ դնել այս ամենին: Ես միայն ուրախ կլինեմ: Իմ պայմանները չեն փոխվել՝ մահափորձի գործում մեղքի խոստովանություն և փոխհատուցման վճարում»,- եզրափակել է Լապշինը: