Պորտուգալիայում համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել 24 ժամվա ընթացքում
Վերջին մեկ օրում Պորտուգալիայում կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի երեքին հայտնել է տեղի RTP հեռուստառադիոընկերությունը:
Պիրենեյան թերակղզու այս երկրում «Քովիդ-19»-ով պայմանավորված հիվանդությունից մահվան առաջին դեպքն արձանագրվել է մարտի 16-ին: Այդ օրվանից ի վեր ամեն օր մահվան դեպքեր են գրանցվել առանց բացառության:
Առողջապահության հարցերով պետական քարտուղար Անտոնիո Լասերդա Սալեշը մահվան դեպքերի մեկօրյա բացակայությունը «դրական և հուսադրող նշան» է անվանել:
Միևնույն ժամանակ, երկրում կորոնավիրուսով վարակման 106 նոր դեպք է գրանցվել վերջին մեկ օրում, իսկ համաճարակի ողջ ընթացքում՝ 51 569 դեպք: Ընդհանուր առմամբ, Պորտուգալիայում կորոնավիրուսից մահացել է 1738 մարդ:










