Հարավային Կորեայում մուսոնային ուժեղ անձրևներ են սկսվել․ ավերվել են շինություններ, կան զոհեր և անհայտ կորածներ (լուսանկարներ)
Հարավային Կորեայում մուսոնային ուժեղ անձրևներ են սկսվել, որոնց հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, որից 6-ի մահն արդեն հաստատվել է, մնացածն անհայտ կորած են համարվում: Օդերևութաբանների համաձայն՝ անձրևները հետագայում է՛լ ավելի են ուժեղանալու, հայտնում է Yonhap-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Հարավային Կորեայում արդեն երրորդ օրը շարունակ մուսոնային ուժեղ անձրևները չեն դադարում․ դրանց հետևանքով ամենաշատը տուժել են երկրի կենտրոնական և մայրաքաղաքային շրջանները՝ այդ թվում Սեուլը, Կենգի, Հյուսիսային Չհունչհոն և Կանվոն նահանգները։ Մի շարք շրջաններում տեղումների ծավալը գերազանցել է 300-400 մմ-ն։
Օդերևութաբանները և փրկարար ծառայությունը զգուշացումներ են արել տարերային աղետի վտանգի մասին, սակայն ավերածությունները շատ ավելի ուժեղ են եղել, քան հնարավոր էր կանխատեսել։ Անձրևների հետևանքով սողանքներ են տեղի ունեցել, գետերը դուրս են եկել հունից՝ արգելափակելով մի շարք մայրուղիներ ու երկաթուղային ճանապարհներ։ Կենգի նահանգի շրջաններից մեկում ամբարտակն է վնասվել, որի հետևանքով ջուրն ամբողջովին ողողել է հարևան ցածրադիր գյուղը։
Ընդհանուր առմամբ, աղետի հետևանքով տուժել է 94 տուն, ավելի քան 1 500 մարդու տարհանման անհրաժեշտություն է առաջացել։ Գրանցվել է 107 սողանք։
Երկրի խոշոր քաղաքներում՝ այդ թվում և Սեուլում, Պուսանում, Տեչժոնում, Սեչժոնում, ջուրը հեղեղել է հիմնական մայրուղիները, որի հետևանքով որոշ շրջաններում երթևեկությունը դադարեցվել է։
Հայտնի է, որ աղետի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել վեց մարդ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հետագայում երկրում իրավիճակն է՛լ ավելի է վատանալու․ նշվում է, որ Կորեական թերակղզուն հարավարևմտյան հատվածից հզոր թայֆուն է մոտենում, և բացի այդ՝ հզոր անձրևները կանխատեսվում է, որ ևս մի քանի օր կշարունակվեն, սակայն որոշ շրջաններում շատ ավելի ուժեղ կլինեն, քան նախքան այս։













