Հարգելի նորանշանակ նախարար, շատ քիչ ժամանակ ունեք, որ Ամուլսարի հարցը լուծեք, Ձեր ամենօրյա լռությունը բերելու է արյունահեղության․ Թեհմինե Ենոքյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին (տեսանյութ)

14:02 • 04.08.20

Այսօր առավոտյան Ամուլսարի պահպանների տնակները Լիդիանի պահպանորդական խումբը առանց ոստիկանության ներկայության, համաձայնության տեղափոխել է և իրենց տնակներն են տեղադրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Գնդեվազի բնակիչր Թեհմինե Ենոքյանը։

Նա նշեց, որ կառավարությունը ամենաթողության է մատնել իրավիճակը և որևէ հստակ դիրքորոշում չի արտահայտել։ Նա նաև նկատեց, որ «Լիդիան»-ի՝ ընդդեմ ոստիկանության, ընդդեմ տեսչության, ընդդեմ նախարարության հայցերի քննության ժամանակ  պատկան մարմինների ներկայացուցիչները չեն ներկայանում։

Անդրադառնալով նորանշանակ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանին, Թեհմինե Ենոքյանը նշեց․«Ինձ համար շատ կարևոր է այստեղ կանգնել և ասել, որ հարգելի նորանշանակ նախարար շատ քիչ ժամանակ ունեք, որ այս հարցը լուծեք, ունեք բոլոր իրավական փաստաթղթերը, և ձեր ամենօրյա լռությունը, դանդաղկոտությունը բերելու է արյունահեղության»,-ասաց նա և կոչ արեց գնալ Ջերմուկ, քանի որ ամեն օր սադրանքներ կան այնտեղ և ամեն  րոպե մի բան կարող է տեղի ունենալ։

Նա վստահություն հայտնեց, որ բոլոր պատգամավորները ամեն ինչից տեղյակ են։ «Ես վստահաբար ասում եմ, որ իրենք տեղյակ են և լռում են և ասել եմ, որ յուրաքանչյուր պատգամավորի լռությունը դիտարկվելու է որպես հանցագործություն»,-ասաց նա։

«Կանաչ Հայաստան» բնապահպանական կազմակերպության նախագահ Հայկ Գրիգրոյանը իր խոսքը ուղղեց պատգամավորներին։ «Այս պահին ունե՞նք կենդանի պատգամավոր, որ կարձագանքի, քանի որ մի ամիս  է տարածքում բռնություններ են տեղի ունենում անհասականալի կազմակերպության կողմից մարդկանց սադրում, ծեծում են, էլեկտրաշոկեր են կիրառում՝նույն թուրքի ոճով, քանի որ նրանք են միշտ լուսաբացին մոտ հարձակվել»,-ասաց նա։