Որևէ ձևով ժամաքանակի առումով հայագիտական առարկաների նշանակությունը դպրոցում չենք պակասեցնում, խոսքն ինտեգրված ուսուցման մասին է. Ժաննա Անդրեասյան

18:06 • 04.08.20

Մտահոգություններ են հնչել, որ պետական չափորոշչի նախագիծը բավարար չի անդրադառնում ազգային արժեքներին, պետությանը, ինքնությանը, հայրենիքին և նման հարցերը կանխելու համար պետք է նշեմ, որ ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության բարձրացումը մեր առանցքային պահանջն է դպրոցից. այսօր Հանրային խորհրդում ընթացող Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի և ՀԽ անդամների համատեղ նիստի ժամանակ անդրադառնալով Հանրակրթական նոր չափորոշիչներին՝ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա հավաստմամբ՝ չափորոշչի փոփոխությունները սովորողի մոտ ձևավորում ենք սեր հարենիքի նկատմամբ, պետական և ազգային շահերի գիտակցում: Չափորոշչում կարևորվում է նաև մեդիագրագիտության  և մշակութային կարողունակությունը:

«Փորձել ենք հնարավորինս ընդլայնել դպրոցի և ուսուցչի ինքնավարությունը և այս սկզբունքից ելնելով՝ հանրակրթական պետական չափորոշիչը չի սահմանում առարկայացանկ, այլ  առարկայացանկի ձևավորման հնարավորությունը ընձեռնում է դպրոցին և ուսուցչին: Մենք տալիս ենք հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուր դպրոց կարողանա ընտրել ուսումնական պլանը, որը կլինի իր համար լավագույն  ճանապարհը կարողունակություններին հասնելու համար:

Ինքնավարության մեծացումը իրականացվում է նաև ավագ դպրոցում, որի շրջանակներում նախատեսվում է, որ աշակերտը կկարողանա ձևավորել իր սեփական դասացուցակը: Հայոց լեզու, գրականությունը, հայոց պատմություն և օտար լեզու պարտադիր առարկաներից բացի, ավագ օղակում սովորողը  կկարողանա ձևավորել անհատական դասացուցակ և այն հնարավոր կլինի իրականացնել նաև գյուղական համայքներում»,-նշեց ժաննա Անդրեասյանը:

Ավագ դպրոցում մյուս փոփոխությունը, ըստ փոխնախարարի,  այն է, որ արվեստ և արհեստ բնագավառը ընդլայնվել է մինչև 12-րդ դասարան:

«Ժամաքանակի կրճատման տեսանկյունից, մտահոգություններ են հնչել «Հայոց եկեղեցու պատմության» վերաբերյալ: Սակայն առարկայի ժամանաքանակը ավելին է, քան գործող ուսումնական պլանով «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ժամաքանակները միասին վերցրած, որևէ ձևով  ժամաքանակի առումով հայագիտական առարկաների  նշանակությունը դպրոցում չենք պակասեցնում, խոսքը գնում է ինտեգրված ուսուցման մասին: Առաջարկում ենք նաև  5-6 –րդ դասարանում ներդնել «Ես և իմ հայրենիքը» անվամբ առարկան, որը ամբողջությամբ պետք է բարձրացնի  ինքնաճանաչողության խնդիրը, ներկայացվի եկեղեցական և ծիսական տոները, նաև էպոսի միջոցով ուսուցման գաղափարը, որը թույլ է տալիս փոխկապակցել էպոսի միջոցով հասարակագիտական թեմաները»,-նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով «Հայ գրականություն» առարկայի հետ կապված բուռն քննարկումներին, Ժաննա Անդրեասյանը նշեց, որայդ մտահոգությունը, որ միջնադարյան կարևոր հեղինակները դուրս են մնացել, չկա:

«Մենք նախատեսում ենք, որ ուսուցիչները և սովորողները կունենան հնարավորություն գիրք կարդալու, վերլուծելու կարողութունների գործընթացը, որտեղ խնդիրը չի լինի գրականության մեծ ցանկը: Խնդիրն այն է, որ գրականության միջոցով մենք կարողանանք ձևավորել կարդալու, հասկանալու, վերլուծելու և փոխկապակցելու կարողությունը և դառնալ ակտիվ ընթերցող»,-ընդգծեց նա: