Ամուլսար եկողները պետք է ընտանիքներով գան, որ ոստիկանության կողմից սադրանքներ չլինեն. Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)

11:14 • 04.08.20

Այս պահին շարունակում ենք հավաքվել, քանի որ հիմա շատ մարդիկ դրսից են միանալու մեզ, ուզում ենք, որ բոլորը մոտ լինեն Ջերմուկին, Ամուլսարին, նոր գնանք Ամուլսար. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Հիշեցնենք, որ Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը:

Բունիաթյանը Ամուլսար եկողներին կոչ արեց գալ ընտանիքներով: «Ընտանքիների այնտեղ լինելը կօգնի ավելի քիչ սադրանքներ լինեն ոստիկանության կողմից, ավելի քիչ այնպիսի գործողություններ կլինեն, որոնք պետք չի, որ լինեն, նաև կօգնի մարդկանց, որ իրենք ավելորդ չտաքանան, բացի դա՝ մեր կանայք ու երեխաներն ունեն նույն իրավունքներն ու պահանջը, Ամուլսարն իրենց սարն էլ է, այսօր մենք բոլորով պետք է իջնենք:

Ժամը երեքից սկսում ենք հավաքվել Ջերմուկի տաքսիների կանգառ կոչվող հրապարակում, երեքին հավաքվում ենք այստեղ, հինգին իջնում ենք Ամուլսար»,- ասաց նա:

Բունիաթյանը նշեց, որ իրենց պահանջը չի լինելու իրենց տաղավարները դնել տեղը. «Եթե այս կառավարությունն ունի աշխատելու ունակություն, այս հարցին պետք է կոնկրետ լուծում տա, որովհետև 2,5 տարի է այս վիճակն է ու օրեր առաջ մենք զգուշացրել ենք, որ այստեղ արյունահեղություն է զարգանում»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: