Արմեն Գրիգորյան, քո կաբինետից դուրս արի, քո փափուկ աթոռից վեր կաց և արի այստեղ. Ա․Ղուկասյանը՝ Ամուլսարում ընթացող ակցիայի վերաբերյալ դիմեց ԱԽ քարտուղարին (տեսանյութ)
Հիմա քաղաքացիներն այստեղ իրացնում են իրենց իրավունքը: Այս մասին Ամուլսարի երկրորդ հենակետում ընթացող ակցիայի ժամանակ, դիմելով Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին, նշեց քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը:
«Մեր որոշումից կախված է մեր երկրի անվտանգությունը: Ես հիմա դիմում եմ ՀՀ անվտանգության քարտուղար, իմ ընկեր Արմեն Գրիգորյանին․ դուրս արի քո կաբինետից, քո փափուկ աթոռից վեր կաց և արի այստեղ, որովհետև այստեղ գտնվող պաշտոնյաները կոմպետենտ չեն այս հարցերին լուծում տալու համար: Այս հարցերը վերաբերում են բոլորիս և դրա համար այս մարդիկ սպասում են ձեզ և հետևանքների համար դուք եք պատասխանատու, դուք եք պատասխանատու, որ այսքան մարդիկ ձերբակալվեցին և մենք այսօր ձեզնից ենք պատասխան պահանջում: Երևանում պատրաստվում են բողոքի ակցիաներ, սա Լիդիանի խնդիրը չէ, սա մեր երկրի պետական կառավարման խնդիրներից մեկն է»,- նշեց Ղուկասյանը։
Անդրեաս Ղուկասյանը հավելեց, որ եթե երկրի պատկան մարմինները քաղաքացիներին չեն պաշտպանում, քաղաքացիները ինքնապաշտպանվում են և ոստիկանության պարտականությունն է վերահսկել այն իրավիճակը, մինչև վագոն տնակների տեղափոխումը. «Ես դիմում եմ մեր երկրի ղեկավարներին, ԱԽ քարտուղարին, խնդրում եմ եկեք և կարգավորեք այս հարցը, հարգեք մեր քաղաքացիներին և ոստիկանության աշխատողներին։ Մենք ձեզ կսպասենք ինչքան որ պետք է»,- նշեց նա:










