Որպես համայնքի ղեկավար՝ խնդրում եմ ճանապարհը բացել, 12 ժամվա մեջ ոչինչ չի փոխվի. Ջերմուկի քաղաքապետը դիմեց ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

23:05 • 04.08.20

22:00

Ամուլսարի երկրորդ հենակետում իրավիճակը շարունակում է լարված մնալ, քաղաքացիները նշում են, որ չեն հեռանա տարածքից մինչև վագոն-տնակը չհեռացվի տարածքից:

Ակցիային ներկա է նաև Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

Քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը, դիմելով Ջերմուկի քաղաքապետին, նշեց, որ քաղաքապետը իրավասու է հարցը քննել տեղական հանրաքվեի միջոցով.

«Ձեր ղեկավարման տակ գտնվող համայնքում իրականացվում է ինչ-որ գործառույթ, որը վնասում է և՛ քաղաքացիների, և՛ Հանրապետության օրինական շահերին, մենք հռչակել ենք ժողովրդավարությունը որպես սկզբունք, դուք իրավասու եք այս հարցը դնել տեղական հանրաքվեի, որ համայնքն իր կարծիքն արտահայտի՝ համաձա՞յն է արդյոք, թե ոչ»,-նշեց Անդրեաս Ղուկասյանը:

Քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, պատասխանելով Ղուկասյանին, նշեց, որ քաղաքացիները տվել են իրենց ստորագրությունները, հարցով զբաղվել է Քննչական կոմիտեն, «Էլարդը». «Եթե կարծում եք, որ Ջերմուկի ավագանին հնարավորություն ունի մարդուն սեփականությունից զրկելու, ավագանին չի  կարող զրկել, ավագանին կարող է ուղերձ հղել»:

Ջերմուկի քաղաքապետը, դիմելով քաղաքացիներին, խնդրեց ճանապարհը բացել. «Գիշերը Լիդիանը չի կարող ոչինչ անել, վարչապետն ևս ասել է՝ մոռացեք ճանապարհը փակելը, այն ազդում է նաև առողջարանի վրա: Որպես համայնքի ղեկավար՝ խնդրում եմ ճանապարհը բացել, 12 ժամվա մեջ ոչինչ չի փոխվի, ես կմնամ տղաների հետ»: