Ասես Հիչքոքի ֆիլմերից տեսարան լինի. Ռուսաստանի հեռավորարևելյան շրջանի գյուղերը տառապում են մոծակների «գրոհից» (տեսանյութ)

15:59 • 04.08.20

ՌԴ հեռավորարևելյան շրջաններից մեկում՝ Կամչատկա թերակղզու արևելյան ափի գյուղերում, ստեղծվել է մի իրավիճակ, որը նման է Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերից տեսարանի, միայն թե այստեղ թռչունների փոխարեն միլիարդավոր մոծակներ են թռչում` պտտահողմի տպավորություն թողնելով: Այս մասին գրում է odditycentral.com կայքը:

Ուստ Կամչատսկում արդեն սովորել են, որ ամեն ամառ բազմաթիվ մոծակներ են հայտնվում այստեղ: Սովորաբար այդ մոծակները շատ են լինում ջրհորների և ջրամբարների մոտ, բայց այս տարի իրավիճակը շատ ավելի վատ է, քան սովորաբար: Չափից ավելի շոգ ամառվա պատճառով մոծակների թիվն ավելացել է, ինչն է՛լ ավելի տհաճ է դարձնում իրավիճակը: Դռների և պատուհանների ցանցերն այստեղ չեն օգնում, քանի որ մոծակները կարողանում են ներխուժել անգամ ամենամանր անցքերից, իսկ դուրս գալ փողոց` նշանակում է գործ ունենալ մոծակների մեծ խմբերի հետ, որոնց հեռվից նայելիս թվում է, թե դրանք հասնում են երկինք:

«Այստեղ ամեն ամառ մեծ թվով մոծակներ են եղել և կլինեն, սակայն այս տարի դրանք չափից շատ են: Դրանք ներխուժում են ամեն անցքից, անգամ եթե պատուհաններին ցանց է լինում, միևնույն է կարողանում են անցնել»,-պատմել է Ուստ Կամչատսկի բնակչուհի Մարիա Զուբկովան:

Տեղի բնակիչները սովորել են, որ ամեն ամառ մոծակներն ու մլակները մի քանի ամսով ներխուժում են իրենց գյուղեր, բայց քչերը կարող են հիշել մոծակների նման մեծ քանակություն:

Քայլելով նման «պտտահողմերի» միջով՝ մարդը ոտքից գլուխ մոծակներով կպատվի, սակայն փորձագետները վախենալու առիթ չեն տեսնում: «Պտտահողմերը» մոծակների զուգավորման արարողակարգի մի մասն են, որտեղ տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր արու մոծակներ պտտվում են մեկ կամ մի քանի էգերի շուրջ` փորձելով մոտ գտնվել նրանց: 

Կամչատկայում ավելի քան 100 տեսակի մոծակ և մլակ կա, և փորձագետները դեռևս չեն պարզել, թե դրանցից որոնք են ավելի ակտիվ այս տարի:

Ուստ Կամչատսկի հարևան գյուղերում, ինչպիսիք են Կլյուչի և Կոզիրևսկ գյուղերը, իրավիճակն ավելի լավ չէ, այստեղ որոշ մարդիկ ասում են, որ մոծակներն այնքան ագրեսիվ են, որ կարողանում են ծակել անգամ ջինսերն ու կտորե բաճկոնները: