Ուղևորվում եմ Վայքի ոստիկանության բաժին`Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ժամանակ ձերբակալված բնապահպան Վ․ Վարագյանին օգնություն տրամադրելու համար. Ռ․Մելիքյան

20:50 • 04.08.20

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջի  ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ ուղևորվում է դեպի Վայք քաղաք՝ իրավաբանական օգնություն տրամադրելու Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ժամանակ ձերբակալված բնապահպան Վահագն Վարագյանին:

«Ինչպես տեղեկացել եք, Ամուլսարում ընթացող ակցիայի ժամանակ ձերբակալվել է բնապահպան Վահագն Վարագյանը և նա ոստիկանության բաժնից զանգահարեց և խնդրեց, որպես փաստաբան՝ իրավաբանական օգնություն տրամադրեմ իրեն, և ես հիմա ուղևորվում եմ Վայք քաղաք»,-նշեց նա:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ներկա գտնվելով այդ տարածքում, որտեղ քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ նկատել է, որ ջերմուկցիները խաղաղ են տրամադրված, սակայն Ջերմուկի բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է հանքի շահագործմանը.

«Այն մարդիկ, ում հետ կարողացա շփվե, շատ հաստատակամ են և պնդում եմ, որ պայքարում են արդար գործի համար, քանի որ Ամուլսարի շահագործմամբ Ջերմուկը, որպես առողջարանային քաղաք, չի կարող նույնը լինել, քանի որ բազմաթիվ բնապահպանական վտանգներ են առաջանում ջրի և օդի որակի հետ կապված»:

Մանրամասները՝ տեսանյութում։