Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո ավելացել են կանաչապատ տարածքները. մեղադրել քաղաքային իշխանություններին, թե կանաչապատ տարածքներ են ոչնչացնում, անարդար է. Ավետ Պողոսյան (տեսանյութ)

13:36 • 04.08.20

Քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրվելուց հետո աննախադեպ ծավալներով ավելացել են կանաչապատ տարածքները, ավելացել են նաև նոր ոռոգման ցանց ունեցող տարածքները. դրանք տարվա վերջում կլինեն հարյուրավոր հեկտարներ: Այս մասին Մաշտոցի պուրակի ծառերի հատման վերաբերյալ ասուլիսին հայտարարեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Նա նշեց, թե պուրակի ծառերի հատման թեմային երեք տարբեր կոնտեքստով են անդրադառնում:

«Առաջինն այն մարդիկ են, որոնք իսկապես մտահոգ են և ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում: Երկրորդը մեր թիմակիցներն են, որոնք նույնպես տեղեկանալու խնդիր ունեն: Երրորդ խումբն այն մարդիկ են, որ ցանկացած երևույթ՝ խնդրահարույց կամ ոչ այնքան, փորձում են ներկայացնել  որպես կատաստրոֆա կամ ձախողում»,-ասաց Պողոսյանը՝ իր խոսքն ուղղելով վերջին խմբին.

«Մենք մեր հանրության հետ շփվելու համար միջնորդների կարիք չունենք: Մենք ուղիղ շփման մեջ ենք հասարակության հետ, և նրանք բոլոր հարցերի պատասխանները ստանում են»,-ասաց Պողոսյանը:

Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում նման ծավալի կանաչապատում և նման ծավալի ոռոգման համակարգերի ներդրում Երևանում չի եղել, իսկ տարեվերջին նշվածի թվային պատկերը կլինի:

«Մենք մի կողմից աշխատում ենք կանաչապատ տարածքները ազատագրելու և ավելի հարմարավետ միջավայր ստանալու ուղղությամբ, մյուս կողմից առնչվում ենք այն օրենդրական խնդիրերին, որոնք մեր աշխատանքը դանդաղեցնում են: Մեղադրել քաղաքային իշխանություններին, թե բավարար չեն աշխատում այդ ուղղությամբ կամ կանաչապատ տարածքներ են ոչնչացնում, շատ անարդար է»,-ասաց Ավետ Պողոսյանը: