ԵԽ պատգամավորները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել այն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ընդդիմության և քաղհասարակության դեմ բռնաճնշումների համար
Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատների խմբակցությունն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի վերաբերյալ և կոչ է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին թիրախավորված պատժամիջոցներ նախաձեռնել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար: Այս մասին տեղեկացնում է Turan.az կայքը:
«Մենք անհանգստացած ենք ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլըին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից դաժան կտտանքների ենթարկելու մասին հաղորդագրություններից»,-ասել է խմբակցության փոխնախագահ, Նիդեռլանդներից պատգամավոր Կատի Փիրին:
Պատգամավորը նշել է նաև, որ Ղահրամանլըն հանդիսանում է այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից մեկը, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից` հեղաշրջում ծրագրելու հորինված մեղադրանքներով, իսկ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին ներկայում փաստացի տնային կալանքի է ենթարկված:
«Նման գործողություններն ընդդիմադիրների համակարգված ահաբեկման, ոտնձգությունների և ձերբակալությունների օրինակ են: Այդ գործողությունները նախաձեռնվում են նախագահ Ալիևի կողմից, որը բազմիցս իր ելույթներում ընդդիմադիրներին անվանել է «հինգերորդ շարասյուն» և «դավաճաններ»,-նշել է ԵԽ պատգամավորը:
Նա ընդգծել է նաև, որ չի կարելի Ալիևին թույլ տալ օգտագործել կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի հետ հարաբերություններում վերջերս տեղի ունեցած լարվածությունը` ոչնչացնելու այն, ինչ մնացել է երկրի ընդդիմությունից:
«Հաշվի առնելով Ադրբեջանում իրավիճակի լրջությունը՝ կոչ ենք անում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին անհապաղ թիրախավորված պատժամիջոցներ նախաձեռնել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար»,-ասել է Փիրին:
Ադրբեջանում խախտվում են երկրի սահմանադրությունն ու միջազգային իրավունքները, քաղբանտարկյալներին թույլ չեն տալիս շփվել ընտանիքների և փաստաբանների հետ:










